Հովհաննես Թումանյան
Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բըխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։
Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ
Ջրեց հոտը իր ծարավ։
Պախրեն անցավ էն սարից`
Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց աստծուն։
Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գըլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։
Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը
Ջրի նման երկարի՜…»
Հարցեր և առաջադրանքներ
- Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Գուշ – Աղբյուրի առջևը դրված մեծ փայտե տաշտ, որի մեջ թափվում ու հավաքվում է ջուրը:
- Աղբյուրը որտե՞ղից էր բխում:
Աղբյուրը բխում էր ժայռի տակից:
- Ինչպիսի՞ն էր աղբյուրը:
Աղբյուրը սառնորակ էր:
- Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողը, նկարի՛ր ու վերնագրի՛ր:
- Փորձի՛ր բացատրել այս հատվածը:
«Քո շինողի օր-կյանքը
Ջրի նման երկարի՜…»
Դա շինողին ուղված շնորհակալության և երկար կյանք պարգևելու խոսքեր են:
- Քո տատիկներից կամ պապիկներից հարցրու , թե ինչ օրհնանքներ գիտեն և գրի’ր քո բլոգում(կարող ես նաև ձայնագրել կամ տեսագրել նրանց և նյութը տեղադրել):
Ծլես, ծաղկես զորանաս:
Մուրազիդ հասնես:
Չոլը գնաս կանաչ դառնա:
Տանողի տանը մնաս:
Ոսկի ձեռքեր ունենաս:
Տաշտներդ միշտ հաց լինի, դռներդ միշտ բաց լինի:
Բերանդ մեղր ու շաքարով բանաս:
Յոթը որդով սեղան նստես:
Խոսքդ շաքարով կտրեմ:
Ձեռքերդ դալար լինի:
Շնորքդ անպակաս լինին:
Գլխիդ ոսկի թափվի:
Ոտքդ ուր դնես կանաչի:
Աստված օրհնի քո ճամփան:



