Խոր Վիրապ

Խոր Վիրապ վանքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում՝ Արաքս գետի ձախ ափին։ Այն համարվում է հայոց նվիրական սրբավայրերից և ուխտատեղի։ Խոր Վիրապի պատմությունը սերտորեն առնչվում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու ընթացքի հետ։

Պատմություն

Ագանթագեղոսը վկայում է, որ Տրդատ Գ Մեծը (287 – 330 թ․թ․) Հայաստանում քրիստոնյաններին հալածելիս Գրիգոր Ա Լուսավորչին տևական տանջանքներից հետո նետել է Արտաշատի արքունի բանտի՝ մահվան դատապարտվածների գուբը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ։ Վիրապում Գ Լուսավորիչը մնացել է գրեթե 14 տարի։ Նրան կերակրել է մի այրի կին գաղտնի զնդան է նետել հանապազօրյա հացը։ Գրիգոր Լուսավորիչը ազատվել է վիրապից Հռիփսիմյանց կույսերի նահատակումից 9 օր հետո։

V-րդ դարում վիրապի վրա վանք է հիմնադրվել և միաբանություն հաստատվել։ Մոտ 642 թվականին Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը, ում նաև Շինարար էին անվանում վիրապի վրա կառուցել է Սբ․ Գևորգ եկեղեցին։ Ըստ աղբյուրների այն եղել է «Զվարթնոցատիպ» եկեղեցի՝ սպիտակ կրաքարից, ներսում ութ սյուներով, բոլորաձև կենտրոնակազմ կառույց, որի ավերվելուց հետո XVII-րդ դարում ավերակների վրա կառուցվել է այժմյան Սբ․ Գրիգոր եկեղեցին։ Ունի թաղածածկ դահլիճի հորիվածք։

XVII-րդ դարում դարեդար կուտակված հողի լիցքը մաքրելիս գբի հատակի տակ բացվել է հոգևորականի աճյունով մատուռանման դամբարան (հավանական է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի գերեզմանը), որը սակայն թողնվել է տեղում և վերստին ծածկվել հողով։ Վիրապի առաստաղի արևելյան կողմում այն անցքն է, որի միջով այրի կինը ներս է գցել հացը։ III-րդ դարից պահպանված այս շինությունը հայկական միջնադարյան ճարտարապետության հնագույն գմբեթավոր կառույցն է։

XVII-րդ դարում Խոր Վիրապի վանահայր Դավիթ վարդապետ Վիրապեցին վերակառուցել է վանքի շենքերը։ Խոր Վիրապը XVII-րդ դարում Հայաստանում ձևավորված կրոնական և պաշտպանական կառույցները զուգակցող նոր համալիրի՝ վանք-ամրոցի լավագույն օրինակ է։

Խոր Վիրապ

1703 թվականին ավարտվել է վանքի բակի կենտրոնում առանձին կանգնած Սբ․ Աստվածածին գլխավոր եկեղեցու կառուցումը։ Եկեղեցու արևելյան ճակատին, խորանի լուսամուտից վերև, ագուցված է Հայաստանում քրիստոնեության հաղթանակը պատկերող միակ բազմաֆիգուր հարթաքանդակը։ Կենտրոնում պատկերված է Գրիգոր Լուսավորիչը, ում աջ և ձախ կողմերում գտնվում են հրեշտակներ։ Ձախ ձեռքին Սբ․ Գիրքն է, իսկ աջով օրհնում և դիվահարությունից բուժում է պառկած Տրդատ Գ արքային։ Նրանցից վերև քանդակված են երկու հոգի (համեմատաբար փոքր), որոնցից հոգևորականի զգեստով աջ կողմինը Խոր Վիրապի վանահայր Դավիթ Վիրապեցին է։ Քանդակի աջ եզրին գալարվող օձ է, գլուխը Գրիգոր Լուսավորչի ոտքերի տակ։

Comments are closed.