Արարատ մարզ

Արարատի մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Ոստան գավառի մի մասը, այն գավառի, որը միջնադարում հայտնի էր որպես մայրաքաղաքների գավառ: Այստեղ էին գտնվում Արտաշատ և Դվին մայրաքաղաքները: Արարատի մարզը սահմանակից է Թուրքիային և Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը:

Արարատի մարզի տարածքը որոշակիորեն բաժանվում է երկու մասի` հարթավայրային և լեռնային: Արարատյան դաշտի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:
Մարզի լեռնային մեծ մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը և Ուրծի ու Երանոսի լեռները: Այստեղ առանձին կղզյակներով պահպանվում է անտառը, որը հիմնել է հայոց Խոսրով Կոտակ թագավորը, IV դարում: Այդտեղ այժմ կազմակերպվել է Խոսրովի արգելոցը:

Հայկական պետության վերելքների ու անկումների հետ մեկտեղ փոխվել են բնակչության թիվը և կազմը: Հայ բնակչությունը կրկին մեծամասնություն է կազմել 1830-ական թվականներից հետո, երբ տասնյակ հազարավոր հայեր Իրանի Սալմաստ և Խոյ գավառներից վերաբնակեցվեցին Արարատի մարզի ներկա տարածքում: Այժմ բնակչությունը միատարր է, բայց կան նաև ռուսներ, քրդեր ու ասորիներ, որոնք փոքր թիվ են կազմում:

Տարածքի հարթավայրային` փոքր մասում են գտնվում գրեթե բոլոր բնակավայրերը: Մարզի լեռնային մասում բնակչությունը գրեթե բացակայում է: Միայն բարձրադիր գոտում, որն օգտագործվում է որպես ամառային արոտավայր, ամռան երեք-չորս ամիսներին հայտնվում է ժամանակավոր բնակչություն:

Comments are closed.