Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Հյուսիսային կիսագնդում՝ Փոքրասիական բարձրավանդակի և Իրանական լեռնաշխարհի միջև: Ամբողջությամբ գտնվում է մերձարևադարձային գոտում՝ Փոքր Ասիա թերակղզու արևելքից մինչև Կասպից ծով և Կոլխիդայի ու Կուր-Արաքսյան դաշտավայրերից մինչև Միջագետքի դաշտավայրը ձգվող տարածքում: Այն մոտ 500-700 մետրով բարձր է հարևան լեռնաշխարհներից։ Այդ իսկ պատճառով էլ հաճախ կոչվել է լեռնային կղզի։ Լեռնաշխարհի միջին բարձրությունը 1850 մետր է։

 Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը (5165 մ) Արարատն է, երկրորդը` Սիփանը (4434 մ), երրորդը՝ Ջիլոն (4168 մ), իսկ չորրորդը՝ քառագագաթ Արագածը (4090 մ):
Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում Եփրատ, Տիգրիս, Կուր, Արաքս, Ճորոխ և այլ գետեր:

Հայաստանում կան մեծ ու փոքր լճեր: Սևանա լիճը (Գեղամա ծով) աշխարհի բարձրադիր քաղցրահամ լճերից է: Վանա (Բզնունյաց ծով) և Կապուտան (Ուրմիա) լճերի ջրերն աղի են և անհոսք:

Հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհը բազմազան է։

Ընտանի կենդանիներից տարածված են կովը, ոչխարը, այծը, ձին, գոմեշը, որոնք հազարամյակներ առաջ են ընտելացվել և մշտապես եղել են Հայկական լեռնաշխարհի բնիկների տնտեսության կարևոր բաղադրիչ: 

Վայրի կենդանիներից տարածված են աղվեսը, գայլը, արջը, նապաստակը, վարազը, եղջերուն, այծյամը, վայրի ոչխարը, հովազը: Հնում՝ լեռնաշխարհի հարավային շրջաններում, հանդիպել են նաև առյուծներ: Դա իր արտացոլումն է գտել «Սասնա ծռեր» էպոսում: Հայկական լեռնաշխարհում ամենուրեք ավանդաբար տարածված է մեղվապահությունը։ Թռչուններից հանդիպում են արծիվ, բազե, արագիլ, կաքավ, բադ, լոր և այլն։ Կարմիր գրքում գրանցված են մուֆլոնը և բեզոարյան այծը

275px-Bezoarziege.jpg
Բեզոարյան այծ
Armenian2.jpg
Հայկական մուֆլոն

 Հին և միջնադարյան Հայաստանի համար տնտեսական մեծ նշանակություն է ունեցել կենդանական աշխարհի փոքր մի ներկայացուցիչ՝ միջատ, որն ապրում էր Արարատյան դաշտի՝ Արաքսին հարող ճահճուտներում։ Այդ միջատից պատրաստում էին հայկական չգունաթափվող վառ կարմիր ներկ՝ «որդան կարմիր»-ը։ Ներկայումս էլ ՀՀ տարածքում՝ Արարատյան դաշտում հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակով պահպանվել է այդ միջատի տարածման արեալը, որը միակն է աշխարհում։

Որդան կարմիր / Հայաստանի կենդանական աշխարհը

Հայկական լեռնաշխարհի գոտին նշանավոր է խաղողի և զանազան կորիզավոր մրգերի (ծիրան, դեղձ) տեղական ընտիր տեսակներով: Հայաստանը շատ մրգատեսակների աճեցման հնագույն կենտրոններից է:

Նախալեռնային գոտին աչքի է ընկնում ինչպես մրգերի (խնձոր, տանձ, սալոր և այլն), այնպես էլ հացազգիների մշակությամբ: Հայկական լեռնաշխարհը ցորենի հնագույն հայրենիքն է, ուր այսօր էլ կարելի է հանդիպել դրա վայրի տեսակին:

Comments are closed.